ԱՀԿ-ն ողջունել է COVID-19-ի հակամարմինների թեստերի մշակումը․ «ՌԻԱ Նովոստի»

09:27 • 02.04.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունում է նոր տեսակի կորոնավիրուսի հակամարմինների թեստերի մշակումը, սակայն կիրառումից առաջ անհրաժեշտ է գնահատել դրանց արդյունավետությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը:

«ԱՀԿ-ն ողջունում և խրախուսում է COVID-19-ի սերոլոգիական անալիզների մշակումը։ Այս պահին տարբեր հարթակներում կան նման թեստերի տարբեր արտադրողներ, բայց առկա թեստերի գնահատում դեռ չի իրականացվել: ԱՀԿ-ն աշխատում է գործընկերների և լաբորատորիաների մեր համաշխարհային ցանցի հետ՝ ախտորոշման և հետազոտական նպատակներով առկա անալիզները գնահատելու համար»,- ասել է նա։

Յազարևիչն ընդգծել է, որ COVID-19-ի և հիվանդության հակամարմինները հայտնաբերման մոլեկուլային և սերոլոգիական թեստերի ստեղծման արագությունը աննախադեպ է: Դա հնարավոր է դարձել նրա շնորհիվ, որ Չինաստանը բացահայտել է վիրուսի գենետիկ հաջորդականությունը։

«Չնայած այն հանգամանքին, որ թեստերի անցկացման հնարավորություններն ամբողջ աշխարհում աճել են, միայն թեստավորումը չի կանխի վարակի տարածումը»,- ասել է նա՝ կոչ անելով ավելի լայնածավալ մոտեցում կիրառել վարակի դեմ պայքարի հարցում։

«Մասնավորապես՝ ավելացնել բժշկական անձնակազմի թիվը, ստեղծել և կիրառել վարակի բոլոր կասկածների որոնման և հայտնաբերման ուղղությամբ համակարգեր, ինչպես նաև վարակակիրների մեկուսացման և բուժման համար տարածքներ վերակառուցել»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։

ԱՀԿ-ն ողջունել է COVID-19-ի հակամարմինների թեստերի մշակումը․ «ՌԻԱ Նովոստի»