Չինաստանը ցանկանում է կորոնավիրուսի պատվաստանյութն արտասահմանում փորձարկել. South China Morning Post

15:06 • 02.04.20

Չինաստանը հույս ունի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու համար անհրաժեշտ լայնամասշտաբ փորձարկումներն արտասահմանում անցկացնել, գրում է South China Morning Post-ը:

Ներկայում ռազմական ոլորտի չինացի գիտնականներն աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, և առաջին մակարդակի կլինիկական փորձարկումների արդյունքները հայտնի կլինեն արդեն ամսվա վերջին: Հայտնի է, որ փորձարկումները սկսվել են Ուհանում՝ մարտի 16-ին: Արդեն 108 կամավոր ստացել է ներարկումը:

«Մենք վարակի տարածումն այնքան արագ զսպեցինք, որ այժմ պատվաստանյութի հետագա թեստավորման համար բավականաչափ հաստատված դեպքեր չունենք»,-բացատրել է վարակաբան Չեն Լին՝ մանրամասնելով, որ պատվաստանյութի երկրորդ և երրորդ մակարդակի փորձարկումները պետք է անցկացվեն վարակից առավել շատ տուժած երկրներում: Ըստ մասնագետի՝ դա հնարավորություն կտա ավելի արագ և ճշգրիտ արդյունքի հասնել:

«Օրինակ՝ փորձարկումների ընթացքում կարող են պահանջվել հազարավոր մարդիկ, որոնց թեստավորելու անհրաժեշտություն կլինի պարզելու համար՝ արդյոք պաշտպանվածության հարցում էական փոփոխություն կա տվյալ պատվաստանյութը ստացածների և չստացած անձանց միջև»,-շարունակել է վարակաբանը:

Չինաստանի ռազմական բժշկական գիտությունների ակադեմիայի գլխավոր համաճարակաբան և վարակաբան Չեն Վեյն իր հերթին ասել է, որ եթե պատվաստանյութի փորձարկման նախնական արդյունքներն ապացուցեն, որ այն անվտանգ է և արդյունավետ, ապա Չինաստանը կփորձի դրա արդյունավետությունն արտասահմանում փորձարկել:

Նրա պնդմամբ՝ շատ երկրներ հետաքրքրված են նման համագործակցությամբ:

Պատվաստանյութերի գծով մեկ այլ փորձագետ Տաո Լինան խորհուրդ է տվել ապագա կլինիկական թեստերն անցկացնել վարակից առավել շատ տուժած այն երկրներոմ, որոնք զարգացած են, օրինակ՝ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, քանի որ այնտեղ գիտության և բժշկության մակարդակը բարձր է:
Մասնագետի համոզմամբ՝ ԱՄՆ-ն դժվար թե ցանկանա համագործակցել Չինաստանի հետ:

Ռազմական վերլուծաբան Ժու Չենմինը նշել է, որ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման հարցում կատարյալ կլիներ ամերիկացի և չինացի մասնագետների համագործակցությունը:

«Համավարակի դեմ լավագույն զենքը Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն է՝ քաղաքական տարաձայությունները մի կողմ դնելով: Ներկայում ամբողջ աշխարհը, ոչ միայն Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են մեկ ընդհանուր թշնամու՝ Covid-19-ի առաջ հայտնվել»,-եզրափակել է վերլուծաբանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։
 





Չինաստանը ցանկանում է կորոնավիրուսի պատվաստանյութն արտասահմանում փորձարկել. South China Morning Post