Twitter-ը 20 000 կեղծ օգտահաշիվ է ջնջել, որոնցով կառավարություններն իրենց գովերգող և քաղաքական հակառակորդներին քննադատող գործունեություն են ծավալել
Twitter սոցկայքը 20 000 կեղծ օգտահաշիվ է ջնջել, որոնցով Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հոնդուրասի և Ինդոնեզիայի կառավարություններն իրենց գովերգող և քաղաքական հակառակորդներին քննադատող գործունեություն են ծավալել, գրում է The Guardian պարբերականը։
Կայքի քաղաքականության գծով տնօրեն Յոել Ռոթը հայտնել է, որ օգտահաշիվներ ջնջելն ընկերության ՝ պետությունների կողմից աջակցվող տեղեկատվական գործողությունները բացահայտելու և դրանք հետաքննելու շարունակական գործունեության մասն են։
Հինգշաբթի հեռացված օգտահաշիվներից 8 558-ը կապված են եղել Սերբիայի նախագահ և Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի հետ, որոնցով ավելի քան 43 միլիոն թվիթերյան հրապարակում է արվել՝ դրական լույսի ներքո ներկայացնելով Վուչիչի կառավարությունը և քննադատելով քաղաքական հակառակորդներին։
Սոցկայքը նաև սաուդյան միապետության հետ կապված 5 350 օգտահաշիվ է ջնջել, որոնք թիրախային գործունեություն են ծավալել Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների լսարանի ուղղությամբ։ Միասին վերցրած՝ արվել է 36․5 միլիոն թվիթերյան հրապարակում, որոնցում գովերգվել է սաուդյան ղեկավարությունը կամ քննադատվել Եմենում Քաթարի և Թուրքիայի գործունությունը։
Վերացվել են նաև Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարին գովերգող օգտահաշիվներ։
«Դրանք Լիբիայում վերջերս տեղի ունեցած խաղաղ բանակցություններն արժեզրկող, սիրիական կառավարության գործունեությունը քննադատող, Իրաքում Իրանի ազդեցությունը քննադատող, Մավրիտանիայի կառավարությունը գովերգող, Եմենում ապստամբությունները քննադատող պատմություններով հրապարակումներ են»,- նշել է Սթենֆորդի հետազոտական կենտրոնը։
Բրուքինգսի ինստիտուստի տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի մասնագետ Նիամ Յարաղի խոսքով՝ նման մեծ քանակությամբ օգտահաշիվներ ջնջելն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ լավ ֆինանսավորում ունեցող պետական գործիչների համար շատ հեշտ է դրանք նորերով փոխարինելը։
«Քանակի առումով այս օգտահաշիվները կաթիլ են օվկիանոսի մեջ․․․ սա որոշակի հոգեբանական ազդեցություն կունենա, սակայն շատ կասկածում եմ, որ որևէ շոշափելի դեր կկատարի ինչ-որ կարևոր հարցում»,- եզրափակել է մասնագետը։










