Բրիտանուհին քթից արյունահոսության հետևանքով կորցրել է հիշողությունը (լուսանկարներ)
Անգլիայի Սարեյ կոմսության 26-ամյա բնակչուհի Սոֆի Քլեյթոնը քթից արնահոսության հետևանքով կորցրել է հիշողությունը. դեպքից հետո աղջիկը չի կարողանում հիշել իր անունը, մանկությունը, աշխատանքը, ծնողներին ու սիրելի տղային:
Հայտնի է, որ անցյալ տարվա նոյեմբերին աղջկան հիվանդանոց են տեղափոխել քթից արյունահոսությունից հետո: Հիվանդանոցում բժիշկներն ախտորոշել են նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարում, որի ժամանակ ուղեղի և նյարդային համակարգի միջև ազդանշանները ընդհատվում են, գրում է The Sun պարբերականը:
Դեպքից հետո Քլեյթոնի ընկերը` Ջոնաթանը, սիրելիին հիշեցնում է միասին անցկացրած ժամանակի մասին, ցույց է տալիս իրենց համատեղ լուսանկարներն ու պատմում իրենց համար առանձնահատուկ ամսաթվերի մասին:
«Ես նորից սիրահարվում եմ Ջոնաթանին: Չնայած նաև տխրում եմ, որ չեմ կարողանում հիշել նախկինում արածներս: Ինձ մոտ սովորաբար քթից արյունահոսություն չի լինում, սակայն ես չէի մտածում, որ դա այնպիսի բան է, որի մասին կարելի է անհանգստանալ: Արյունահոսությունը տևեց մոտ 20 րոպե, ես մայրիկիս հետ սպասում էի խոհանոցում, որ այն դադարի, երբ հանկարծ արյունը սկսեց հոսել իմ ձախ աչքից: Չնայած դրան՝ մենք երկուսս էլ հանգստություն էինք պահպանում: Հիմա ինձ համար դժվար է գտնվել խոհանոցում, որովհետև ես հիշում եմ տեղի ունեցածը»,-պատմել է աղջիկը:
Դեպքից հետո Քլեյթոնը մոռացել է անգամ քայլելը, նա հիմա տեղաշարժվում է անվասայլակով, բայց հույսը չի կորցնում, որ կառողջանա ու կվերականգնի հիշողությունը:



















