Սինգապուրում ուսուցիչներին ժամանակավորապես արգելել են օգտվել Zoom ծրագրից

17:01 • 10.04.20

Սինգապուրի կրթության նախարարությունը հայտարարել է հեռավար կրթության իրականացման նպատակով կիրառվող Zoom հարթակից ժամանակավորապես հրաժարվելու որոշման մասին:

Ինչպես նշում է ria.ru-ն, նման որոշման պատճառ է դարձել դեպքը, երբ աշխարհագրության հեռավար դասընթացի ժամանակ էկրաններին ոչ պատշաճ պատկերներ են հայտնվել:

Աշակերտուհիներից մեկի հայրը, որը հետևել է դասընթացին, պատմել է, որ սկզբում էկրաններին ոչ պատշաճ լուսանկարներ են հայտնվել, իսկ հետո հաքերներն իգական սեռի ներկայացուցիչներին ոչ պատշաճ առաջարկներով են դիմել:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր ուսուցիչները կդադարեցնեն Zoom-ի կիրառումն այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել տվյալների անվտանգության հարցերը »,-ասել է նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Zoom-ից օգտվողների թիվը քսան անգամ աճել է՝ հասնելով 200 մլն-ի:


Սինգապուրում ուսուցիչներին ժամանակավորապես արգելել են օգտվել Zoom ծրագրից