Հաքերները փորձել են Գերմանիայում ճգնաժամի պատճառով ձեռնարկատերերին տրամադրվող ֆինանսական օգնությունը յուրացնել

11:48 • 13.04.20

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը հաքերները կեղծել են և դրա կրկնօրինակը ստեղծել, հայտնում է korrespondent.net կայքը։

Կիբեռհանցագործները կեղծ էջի օգնությամբ փորձել են կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով գերմանական կառավարության կողմից ձեռնարկատերերին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը յուրացնել։

Խոսքն անցած չորեքշաբթի երկրամասի էկոնոմիկայի նախարարության կեղծ էջի ստեղծման մասին է, որտեղ ֆինանսական օգնություն ստանալու համար ձեռնարկատերերը կարող էին դիմում ներկայացնել։ Օգնության խնդրանքով դիմում ներկայացրած անձինք կեղծ կայքում հատուկ ստեղծված հարցաթերթում անձնական տվյալներն են թողել՝ բանկային հաշիվների հետ միասին, որոնց էլ կառավարությունը պետք է գումարը փոխանցեր։

Խարդախներն այնուհետև ծրագրել են մարդկանց անձնական տվյալներով օգնության դիմում ներկայացնել արդեն իրական կայքում՝ միևնույն ժամանակ փոխելով բանկային հաշվեհամարները։ Էկոնոմիկայի նախարարության իրական էջն իր հերթին հինգշաբթի արգելափակվել էր՝ ձեռնարկատերերի համար տրամադրվող այդ նույն ֆինանսական օգնության ֆիշինգի փորձի պատճառով։

Կայքի փոխանցմամբ՝ կեղծված էջն իրականին շատ նման է եղել, միակ ակնառու տարբերությունը կեղծ էջում դիմումի հարցաթերթիկն է եղել։ Կեղծված էջը գտնվում է ԱՄՆ սերվերում, իսկ դրա հեղինակը Պանամայում անանունացման ծառայության տակ է թաքնվում։

Գերմանիայում կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում մանր ձեռնարկությունների աջակցության հիմնադրամ է ստեղծվել․ այն ձեռնարկությունները, որոնք մինչև հինգ վարձու աշխատող ունեն, միանվագ 9 000 եվրո գումարի չափով օգնություն են ստանում, իսկ մինչև 15 աշխատող ունեցողները՝ 15 000 եվրո։

Հաքերները փորձել են Գերմանիայում ճգնաժամի պատճառով ձեռնարկատերերին տրամադրվող ֆինանսական օգնությունը յուրացնել