Կորոնավիրուսից ապաքինվածներից ոչ բոլորի արյան պլազմայում են հայտնաբերվել կրկնակի վարակման դեմ պայքարող հակամարմիններ․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ կորոնավիրուսից ոչ բոլոր ապաքինվածների արյան պլազմայում են լինում նոր կորոնավիրուսի հակամարմինները, որոնք պայքարում են կրկնակի վարակման դեմ, գրում է CNBC-ն։
«Ինչ վերաբերում է առողջացմանը և հետագայում կրկնակի վարակմանը, ապա ես կարծում եմ, որ մենք այդ հարցի պատասխանը չունենք։ Դեռ հայտնի չէ»,- ասել Է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը։
Մինչդեռ ԱՀԿ-ի՝ Covid-19-ի գծով առաջատար գիտաշխատող Մարիա վան Կերխոուվը պատմել է, որ Շանհայում հիվանդների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մի մասի մոտ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո «հակամարմիններ չեն հայտնաբերվում», իսկ որոշների մոտ՝ հայտնաբերվում են, այն էլ՝ մեծ քանակությամբ:
«Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ դեր ունեն հակամարմիններն դիմադրողականության ձևավորման տեսանկյունից»,- ասել է նա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 190 դեպք, 119 701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










