Հզոր պրոցեսոր և անլար լիցքավորման հնարավորություն. Apple-ը ներկայացրել է iPhone SE նորագույն բյուջետային սմարթֆոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Apple ընկերությունը չորեքշաբթի ներկայացրել է iPhone SE բյուջետային սմարթֆոնի նոր տարբերակը: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, սմարթֆոնն արտաքինից նման է iPhone 8 մոդելին և համալրված է մատնահետքի սկաների գործառույթ ունեցող «Home» ստեղնով: Նորագույն գաջեթը ներկայանում է 4.7 դյույմ Retina HD էկրանով և 12 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկով:
Այն աշխատելու է A13 Bionic հզորագույն պրոցեսորով, որոնցով համալրված են նաև անցյալ տարի ներկայացված iPhone 11 և iPhone 11 Pro մոդելները:
Նորույթը ներկայանում է 3 գույնով՝ սև, սպիտակ, կարմիր: Սմարթֆոնում կա անլար լիցքավորման գործառույթ, ինչպես նաև երկու սիմ-քարտի օգտագործման հնարավորություն (մեկը՝ ֆիզիկական, մյուսը՝ վիրտուալ՝ eSim տեխնոլոգիայով):
Սմարթֆոնի արժեքը կկազմի 399 դոլար, նախնական պատվերներն ընդունվում են ապրիլի 17-ից:













