«Առաջին օրը մի փոքր ջերմությունս բարձրացավ». աշխարհում կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութն առաջինը փորձարկած մարդկանցից մեկը պատմել է զգացողությունների մասին (տեսանյութ)

12:16 • 15.04.20

Աշխարհում կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութն առաջինը փորձարկած մարդկանցից մեկը The Telegraph հրատարակությանը պատմել է զգացողությունների և այդ քայլին գնալու դրդապատճառների մասին։

Փորձնական պատվաստումը ստացել է 44-ամյա Ջենիֆեր Հոլերը՝ ամերիկյան Սիեթլ քաղաքից։ Երկու երեխայի մայր Հոլերը նշում է, որ այդ քայլին գնալուց առաջ երկար է մտածել, սակայն վերջում վստահ է եղել իր որոշման մեջ։

«Առաջին օրը մի փոքր ջերմությունս բարձրացավ, երկրորդ օրը ձեռքս էր ուժեղ ցավում։ Այսքանը, դրանից հետո ամեն բան նորմալ էր»,- նշել է կինը և ներարկումը համեմատել գրիպի դեմ սովորական պատվաստման հետ։

Նշվում է, որ ներարկումն արվել է կնոջ ձախ ուսին, տևել է մի քանի վայրկյան։ Նրա խոսքով՝ փորձարկմանը մասնակցելով՝ նա իր ներդրումն է ունենում վարակին հաղթելու գործում։ Միևնույն ժամանակ կամավորը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ այսպես թե այնպես կստեղծվի։

Մոտ ապագայում կինը պետք է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանա, միևնույն ժամանակ նա մասնագետների հսկողության տակ կմնա մինչև 2021 թվականի գարունը։

Փորձարկման համար ընտրվել է 45 կամավոր, որոնցից յուրաքանչյուրը 28 օր ընդմիջմամբ 2 պատվաստում կստանա, որի արդյունքներին բժիշկները կհետևեն մեկ տարի։

mRNA-1273 անվանումը ստացած պատվաստանյութը մշակվել է Սիեթլի ինստիտուտում՝ Մասաչուսեթս նահանգում տեղակայված Moderna կենսատեխնոլոգիական ընկերության հետ միասին։

Տեսանյութը՝ այստեղ:

«Առաջին օրը մի փոքր ջերմությունս բարձրացավ». աշխարհում կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութն առաջինը փորձարկած մարդկանցից մեկը պատմել է զգացողությունների մասին (տեսանյութ)