Մակրոնը կոչ է արել կորոնավիրուսի բուժման «վիճելի դեղամիջոցը» կլինիկական փորձարկումների ենթարկել

11:29 • 16.04.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կլինիկական փորձարկումների ենթարկել կորոնավիրուսի բուժման «վիճելի դեղամիջոցը», գրում է The Guardian-ը։

Նախագահը չորեքշաբթի հայտարարել է, որ կցանկանար՝ ֆրանսիացի վարակաբան Դիդյե Ռաուլի առաջարկած բուժումը հնարավորինս շուտ մանրակրկիտ փորձաքննության ենթարկվի։

Ըստ հաղորդման՝ գիտնականի առաջարկած բուժումը հիդրոքսիքլորոխինի և հակաբիոտիկ ազիտրոմիցինի համադրությունն է։

«Ես համոզված եմ, որ նա հիանալի գիտնական է, և մեծ ոգևորությամբ եմ լսում՝ ինչպես է ամեն ինչ բացատրում»,- ասել Է Մակրոնը RFI ռադիոկայանին:

Մակրոնը, որն անցյալ շաբաթ այցելել է Ռաուլին, գովել է գիտնականին, սակայն խոստովանել, որ դեռևս «զգուշավոր» է վերաբերվում նրա առաջարկած բուժման արդյունավետությանը։

«Բուժումը լավ և վատ որակելը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի գործը չէ։ Այն, ինչ ես արել եմ, առաջին հերթին պրոֆեսոր Ռաուլի՝ ոլորտի առաջատար փորձագետներից մեկի, գրասենյակ գնալն էր՝ համոզվելու, որ այն, ինչի վրա աշխատում է, գտնվում է կլինիկական փորձարկումների նորմերի շրջանակում։  Սա հավատի հարց չէ, սա գիտության հարց է»,- ասել է Մակրոնը։

Հաղորդվում է, որ Մակրոնի և Ռաուլի հանդիպումը տեղի է ունեցել, երբ առցանց խնդրագիր էր կազմվել՝ Ֆրանսիայի նախագահին կոչ անելով հիշյալ բուժմանն ավելի լայն տարածում ապահովել։

Ավելի վաղ Ռաուլի կողմնակիցները ֆրանսիական կառավարությանը մեղադրել էին գիտնականի  ուսումնասիրություններն անտեսելու համար։

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 147 863 դեպք, որից 17 167-ը՝ մահվան ելքով։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Մակրոնը կոչ է արել կորոնավիրուսի բուժման «վիճելի դեղամիջոցը» կլինիկական փորձարկումների ենթարկել