Չինաստանում տղամարդը 26 տարի ապրել է դանակի սայրը գլխում

13:22 • 16.04.20

76-ամյա չինացի տղամարդն իրեն կարող է երջանիկ համարել այն բանից հետո, երբ վիրահատության միջոցով նրա գլխից դուրս է բերվել 26 տարի այնտեղ մնացած 10 սմ երկարությամբ դանակի ժանգոտած սայրը: Այս մասին գրում է odditycentral.com կայքը:

Չինաստանի հյուսիս-արևմտյան Ցինհայ նահանգի Հայան շրջանի բնակիչ Դուորիջիի հետ կատարվածն իրապես հրաշք է: Տեղեկությունների համաձայն՝ նրան դանակով վիրավորել են 1994 թվականին, կողոպուտի ժամանակ, և այդ ժամանակվանից ի վեր նա ապրել է դանակի սայրը գլխում: Հարձակումից հետո նա ողջ է մնացել, սակայն դանակի պատճառով կորցրել է աջ աչքի տեսողությունը, քրոնիկ գլխացավեր և այլ տհաճ զգացողություններ ունեցել: Այժմ արդեն շնորհիվ բժշկական թիմի նա կարող է վայելել կյանքն առանց ցավերի:

Առաջին անգամ Դուորիջին բժշկական օգնության էր դիմել 2012 թվականին, երբ նրա գլխացավերն արդեն անտանելի էին դարձել: Ռենտգենից հետո, բժիշկները որոշել են, որ դանակը գլխից հեռացնելը վտանգավոր կարող է լինել կյանքի համար և հրաժարվել են վիրահատել ֆերմերին:

Ամենայն հավանականությամբ նա այդ դանակից էլ կմահանար, եթե չլիներ բժիշկների այն խումբը, որն անցյալ ամիս ճանապարհորդում էր Ցինհայ նահանգով: 

«Երբ մենք գտանք նրան Ցինհայում, իմացանք, որ տեղի բժիշկներն ավելի պահպանողական բուժման որոշում են կայացրել՝ նշանակելով միայն ցավազրկողներ: Սակայն նրա ախտանիշները գնալով ավելի լուրջ ու անտանելի էին դառնում, և մենք որոշեցինք նրան տանել Շանդուն` ավելի լավ բուժման համար»,-պատմել է բժիշկ Չժան Շյուսանը:

Գլխում գտնվող դանակի սայրի պատճառով տղամարդը ոչ միայն կորցրել էր աջ աչքի տեսողությունը, այլ նաև գրեթե ամբողջովին պարալիզացվել էին նրա ձախ ձեռքն ու ոտքը:

Ռենտգենը ցույց է տվել, որ սայրը տեղակայված է եղել տղամարդու գանգի հիմքում և ճնշել է տեսողական նյարդին: Այն հեռացնելը դժվար է եղել, բայց գլխավոր նյարդավիրաբույժ Լու Գուանցզյունն ասել է, որ «դա միակ միջոցն էր մեկընդմիշտ ազատելու թոշակառուին տանջանքներից»:

Ապրիլի 2-ին և 8-ին բժիշկները երկու անգամ վիրահատել են Դուորիջիին:

«Երկու ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկները հեռացրել են 10 սմ-ոց սայրը: Ապրիլի 8-ին նա երկրորդ վիրահատությանն է ենթարկվել` վերքը մաքրելու համար: Նա ապաքինվում է և արդեն կարողանում է ինքնուրույն քայլել: Նրա գլխացավն անցել է, իսկ աջ աչքի տեսողությունը լիովին վերականգնվել է: Նա կարողանում է արդեն բացել բերանը»,-տեղեկացրել է բժիշկներից մեկը:

Խոսելով իր փորձության մասին՝ 76-ամյա ֆերմերը ասել է. «Ես չէի կարողանում ծիծաղել և նույնիսկ հազալ: Բժիշկներն ինձ կյանքում երկրորդ շանս են տվել և դադարեցրել են իմ ավելի քան 20 տարվա մղձավանջը»:

Չինաստանում տղամարդը 26 տարի ապրել է դանակի սայրը գլխում