Եվրոպայում օդի աղտոտվածության ցուցանիշը կարանտինի արդյունքում նվազել է 45 տոկոսով

16:28 • 17.04.20

Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel-5P արբանյակի՝ արդեն հասանելի դարձած նոր լուսանկարներից երևում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի արդյունքում Եվրոպայի երկնքում օդի որակը էականորեն բարելավվել է, հայտնում է Daily Mail պարբերականը։

Կայքի փոխանցմամբ՝ համավարակի բռնկումից ի վեր եվրոպական մի շարք քաղաքներում նկատվել է նիտրոգենի երկօքսիդի ծավալի մոտ 45 տոկոս նվազում։

Նիդեռլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտի (KNMI) գիտնականները վերջին մի քանի ամսվա արբանյակային տվյալների միջոցով ստուգել են Եվրոպայում օդի աղտոտվածության մակարդակը։ Հիմնականում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի խոշոր քաղաքների տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության մեջ այս տարվա մարտ և ապրիլ ամիսների ցուցանիշները համեմատվում են 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ։

Այսպիսով՝ Մադրիդում, Միլանում, Հռոմում գրանցվել է նիտրոգենի երկօքսիդի 47-49 տոկոս նվազում, իսկ ահա ամենաբարձր ցուցանիշը՝ 54 տոկոս, գրանցվել է Ֆրանիսայում։

Թեև Եվրոպական տիեզերական գործակալությունը Մեծ Բրիտանիայի մասին դեռևս նոր տվյալներ չի հրապարակել, սակայն Լոնդոնի օդի որակի ցանցի ուսումնասիրությունը կրկին ցույց է տվել օդի աղտոտվածության մակարդակի զգալի անկում։

Եվրոպայում օդի աղտոտվածության ցուցանիշը կարանտինի արդյունքում նվազել է 45 տոկոսով