Հայրապետի հասցեին հնչեցված վիրավորանքը միաժամանակ վիրավորանք է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հասցեին, արդարացումներն այստեղ տեղին չեն. Տ. Գնել քահանա Գաբրիելյան
Գերմանիայի երիտասարդաց Հեսսեն և Ռայնլանդ֊Պֆալց երկրամասերի հոգևոր հովիվ` Տ. Գնել քահանա Գաբրիելյանի հետ Tert.am-ը զրուցել է այս օրերին քննարկումների թեմա դարած ՀՀ իշխանությունների քննադատություններին` ուղղված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Նրա կարծիքով` հնչեցված արձագանքներն ինքը համարում է ոչ հարիր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակին: «Իհարկե, քննադատությունն ընդունելի է բոլորիս համար. դա լինի աշխարհիկ, թե հոգևոր անձ, բայց եթե այն առողջ է և որևէ վիրավորական տարր չի պարունակում»,- ասում է նա:
-Տեր Գնել, այս օրերին շատ ակտիվ են քննարկումներն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հորդորի վերաբերյալ, որով պատկան մարմիններին առաջարկել էր փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու կորոնավիրուսի տարածումը: Դրան հաջորդել են ՀՀ իշխանությունների կողմից նրան ուղղված քննադատություններ: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը եղած քննադատություններին:
-Հայաստանում, որպես ժողովրդավար երկիր, յուրաքանչյուր անհատ, վստահաբար իրավունք ունի արտահայտելու սեփական կարծիքը կամ հորդոր հնչեցնելու այս կամ այն հարցի վերաբերյալ: Իսկ Ամենայն հայոց հայրապետը՝ որպես Հայ Առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդ, հիրավի, այդ իրավունքն ունի բյուրապատիկ ավելի, առավել ևս, որ այդ հորդորը կամ կոչը հղվել է մարդասիրական նպատակով, և որի իրավունքը հայրապետը հաստատապես ունի, քանի որ հայոց հայրապետի դերակատարությունը շատ կարևոր է, ինչը հաճախ չի բարձրաձայնվում, ցավոք: Հայ եկեղեցին ընտանիք է իր զավակների հետ միասին և այդ ընտանիքի հայրը հայրապետն է: Պատկերացնու՞մ եք մի որևէ ընտանիք, որտեղ զավակը հորը փնովի, վատաբանի և զավակին ոչ հարիր պահվածք ցուցաբերի. այդ պարսավելի արարքը դատափետելի կլինի յուրաքանչյուրիս կողմից: Այս պարագայում իրեն ընտանիքի զավակ համարող մարդը որևէ իրավունք չունի իր ծնողի նկատմամբ սխալ մոտեցում ցուցաբերելու: Հնչեցված և բոլորիս ծանոթ արձագանքները համարում եմ ոչ հարիր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակին: Իհարկե, քննադատությունն ընդունելի է բոլորիս համար. դա լինի աշխարհիկ, թե հոգևոր անձ, բայց եթե այն առողջ է և որևէ վիրավորական տարր չի պարունակում:
-Կաթողիկոսին քննադատողներն իրենց արդարացնում են, որ իրենց խոսքերն ողղված են կաթողիկոսին և ոչ թե եկեղեցուն: Ինչպես եք վերաբերու՞մ այդ արդարացումներին: Ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք եկեղեցի-պետություն հարաբերությունները:
- Վեհափառն ընտրյալ կաթողիկոս է արդեն 20 և ավելի տարիներ և ընտրվել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի պատվիրակների կողմից, ցկյանս: Հետևաբար, եթե վիրավորանք է հնչում հայրապետի հասցեին, դա միաժամանակ վիրավորանք է առ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Արդարացումներն այստեղ տեղին չեն: Պետության և եկեղեցու հարաբերություններն իրականում շատ ավելի ծավալուն են ու ընդգրկուն: Հայտնի է, որ մենք դարեր շարունակ չենք ունեցել պետականություն, և եկեղեցին է ստանձնել այդ դերակատարությունը և զորավիգ եղել՝ ունենալով տարաբնույթ խոչընդոտներ և հաճախ կրել բազում զրկանքներ: Այժմ ունենք պետականություն, որը դանդաղ քայլերով փորձում է ամրապնդել իր դիրքերը, իսկ եկեղեցին այդ ձեռնարկների աջակիցն է մշտապես: Անշուշտ, թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին առանձին մարմիններ են, դրանով հանդերձ ինքս տարանջատում չեմ տեսնում հայ ժողովրդի բարօրությանը և բարգավաճմանը՝ միտված միևնույն երկու իրար փոխլրացնող կառույցների միջև:
-Վերջին շրջանում եկեղեցու, հոգևորականների նկատմամբ քննադատությունները շատացել են: Հիշենք Էջմիածնում կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաները, Մայր Աթոռ ներխուժելը: Ձեր տպավարությամբ` ինչի՞ հետևանք են նման դրսևորումները:
-Միշտ էլ եղել են քննադատություններ հոգևորականների նկատմամբ, այնուամենայնիվ, դա չի խանգարել, որ հոգևորականը մնա իր կոչմանը հավատարիմ: Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, ապրում է այս աշխարհում, հետևաբար, կարող են լինել նաև թերացումներ, սակայն հայ հոգևորականի հավաքական կերպարը մշտապես եղել է, կա և մնալու է հայոց պետականությանը և հայ ժողովրդին զորավիգ: Եկեղեցին ես եմ, դուք եք և բոլոր քրիստոնյաները: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին կամ Էջմիածին ներխուժելուն, ապա դրանք, իմ կարծիքով, ուղղորդված են: Նման դրսևորումները համարում եմ անթույլատրելի: Այդ ամենով հանդերձ` Հայ Առաքելական սուրբ եկեղեցին եղել է, կա ու կլինի իր բարձունքին՝ առաջնորդվելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ սիրով, հույսով և հավատով՝ առ իր սիրեցյալ զավակները:
- Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդին միավորող անկյուններից մեկը: Այսօր խոսվում է, որ այդ դերը կասկածի տակ դնողներ կան: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ, դա ի՞նչ վտագներ կարող է պարունակել:
-Ես նման կասկածները համարում եմ սադրանք և որոշակի նպատակների ծառայող: Որևէ նման բան չեմ տեսնում: Եկեղեցին շարունակում է մնալ հայ ժողովրդի միասնության անկյունաքարը, դրա վառ ապացույցն են մեր բազմաթիվ թեմերի և հոգևորականների ջանասեր և ազգօգուտ աշխատանքը՝ ի փառս հայ ժողովրդի, ի շահ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, և ի զորացումն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու: Համոզված եմ՝ արագ կհաղթահարենք այս փորձությունը ևս, նաև այս համաճարակով պայմանավորված իրավիճակում: Սերը թող հաղթող և անպակաս լինի իմ ժողովրդից և Տիրոջ օրհնությունն ամենքիս հետ:










