Փաշինյանն արդեն 2 տարի ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենակարևորը մեղավորներ փնտրելն ու սուտ խոսելն է, և հիմա նրա մանրումեծ չինովնիկները դա իր գլխին են կիրառում. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի ապրիլի 17-ի ուղիղ եթերին, որի շրջանակներում վարչապետը կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ էր հղել ժողովրդին։
Ելույթի հաջորդ օրը համացանցում էր հայտնվել տեսանյութ, որն արվել էր ուղիղ եթերից առաջ և նախատեսված չէր հեռարձակման համար։ Փաշինյանի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել էր Առաջին ալիքը, որն իր պարզաբանման մեջ նշել էր, որ ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են մի քանի հեռուստաընկերություններ:
«Զանգերի ղողանջի տակ հազալու վիդեոյի հետ կապված ավելի կարևոր է ետհազային պատմությունը, երբ բոլորն իրենց վրայից գցում են պատասխանատվությունը և մյուսներին են մեղադրում։ Այսինքն, բոլորն էլ սուտ են խոսում։ 2 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենակարևորը մեղավորներ փնտրելն ու սուտ խոսելն է։
Եվ հիմա նրա մանրումեծ չինովնիկներն իր կողմից հայտանգործած այդ մեթոդն իր գլխին են կիրառում։ Եվ հավատում են, որ աշխատելու է այդ մեթոդը, քանի որ դա այն է, ինչ իրենց սովորեցրել են այս իշխանությունները` որպես պետական կառավարում»։










