Լուկաշենկոն վստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի բելառուսական ռազմավարության հարցում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ իր երկիրն այսօրվա դրությամբ ճիշտ ռազմավարություն է ընտրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին վերջինս հայտարարել է կիրակի՝ եկեղեցում զատկական պատարագին ներկա գտնվելուց հետո:
«Ես դեռ չեմ տեսնում, որ մենք ինչ-որ հարցում սխալվել ենք: Ամեն ինչ կարող է լինել, սակայն անգամ դուք, մարդիկ, որ այնքան էլ ներգրավված չեք այս գործընթացում, տեսնում եք, որ բելառուսները ճիշտ են վարվել: Ես ելնում են նրանից, որ դուք ինքներդ Ձեր կյանքը Ձեր ձեռքերում եք պահում և ավելի լավ կտնօրինեք այն, քան ես և անգամ՝ Աստված»,- «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի առաջնորդը վստահություն է հայտնել, որ իր ժողովուրդը արժանապատվորեն կանցնի այս ամեն միջով: «Քրիստոսի հարությունը չարի նկատմամբ բարու հաղթանակի վկայությունն է, դա ինքնազոհաբերության օրինակ է: Եվ այդ պատճառով մենք չպետք է թաքնվենք տաճարի պատերի հետևում և վախենանք մտնել ներս»,- շեշտել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ մարդիկ, իհարկե, անհանգստանում են երկրում տիրող իրավիճակով: Բելառուս առաջնորդն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թոքաբորբը, որի մասին այս օրերին շատ է խոսվում, միայն փոքր մասն է մյուս ոչ պակաս վտանգավոր հիվանդություններից:
«Մեր բնակիչներից շատերը սիրտ-անոթային անբավարարություն ունեն, շատ են օնկոլոգիական հիվանդություն, շաքարախտ, ճարպակալում ունեցողները»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ թոքաբորբից մահացությունը, որը զարգանում է կորոնավիրուսի ֆոնին, փոքր է, և մահանում են մարդիկ, որոնց առողջությունը խոցելի է դարձել այլ հիվանդությունների պատճառով:










