Դիմակ չի կրել, պարբերաբար հազացել է. Բրազիլիայի նախագահը միացել է կարանտինային միջոցառումների չեղարկումը պահանջող ցուցարարներին (լուսանկարներ)
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կիրակի միացել է երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած հանրահավաքին, որի մասնակիցները կոչ են արել դադարեցնել կարանտինային միջոցառումները, իսկ ոմանք հանդես են եկել Կոնգրեսը և Գերագույն դատարանը (այս կառույցներն աջակցել են մարզպետների կողմից ներկայացված սոցիալական մեկուսացման միջոցների սահմանմանը) ռազմական միջամտությամբ փակելու կոչերով, գրում է CNN-ը։
Նախագահը դիմակ չի կրել և քանիցս հազացել է մի քանի հարյուր կողմնակիցներից բաղկացած բազմությանը դիմելիս, գրում է աղբյուրը։
«Յուրաքանչյուրը պետք է անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի երկիրը զբաղեցնի իրեն արժանի տեղը։ Այլ պայմանների շուրջ բանակցությունների կարիք չկա», - ասել է նա:
Չնայած, որ նախագահը դեմ է կորոնավիրուսի պայմաններում խիստ սահմանափակումներին, պետական և տեղական ինքնակառավարման որոշ մարմիններ Բրազիլիայի առավել տուժած շրջաններում փակել են դպրոցները և մարդկանց կոչ են անում տանը մնալ։
Անցյալ շաբաթ, սոցիալական մեկուսացման միջոցառումների շուրջ բախումների ֆոնին Բոլսոնարուն պաշտոնանկ է արել առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետային: Նրա խոսքով՝ բիզնեսը պետք է վերաբացվի, որպեսզի տնտեսական հետևանքներն ավելի աղետալի չլինեն, քան վարակինը, սակայն բրազիլացիների մեծ մասը կողմ է սոցիալական մեկուսացմանը։
Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 38 654 դեպք, որից 2462-ը՝ մահվան ելքով։













