Արքայազն Հարին և Մեգան Մարքլը դադարեցրել են Sun, Daily Mail, Mirror և Express պարբերականների հետ համագործակցությունը՝ նրանց մեղադրելով տեղեկատվության խեղաթյուրման և ստի համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, բրիտանական չորս հրատարակությունների հետ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է The Guardian-ը։
Թագավորական զույգը համագործակցությունը դադարեցրել է Sun, Daily Mail, Mirror և Express պարբերականների հետ՝ նրանց մեղադրելով տեղեկատվության խեղաթյուրման, ստի և ագրեսիայի համար։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին չեն համագործակցի ձեր հրատարակությունների հետ։ Ոչ մի համագործակցություն և փոխգործակցություն չի լինի»,- ասված է զույգի՝ ԶԼՄ-ներին տրամադրած նամակում։
Սասեքսի դուքսն ու դքսուհին նամակում նշել են, որ ականատես են եղել, թե ինչպես է մարդկանց, այդ թվում՝ իրենց ծանոթների կյանքը տակնուվրա լինում շինծու պատմությունների պատճառով, որոնք հորինվում են ավելի շատ եկամուտ ապահովելու համար։
Նամակում Հարին և Մեգանը հայտնում են, որ ազատ մամուլը համարում են ցանկացած ժողովրդավարության հիմնաքարը, որը կարող է «լույս սփռել մութ վայրերում, պատմել պատմություններ, որոնք այլ կերպ չբացահայտված կմնային, պաշտպանել ճշմարտությունը՝ մարտահրավեր նետելով իշխանություններին և պատասխանատվության ենթարկելով նրանց, ովքեր չարաշահում են համակարգը», սակայն, նրանց խոսքով, ԶԼՄ-ների ազդեցիկ մասը տարիներ շարունակ փորձել է զերծ մնալ պատասխանատվությունից իրենց ասածների և հրապարակած նյութերի համար, նույնիսկ եթե դրանք խեղաթյուրված են և կեղծ։
Ըստ թագավորական զույգի՝ այս քաղաքականությունն ուղղված չէ քննադատությունից խուսափելուն։ ԶԼՄ-ները պետք է լիարժեք իրավունք ունենան իրազեկելու և նույնիսկ իրենց կարծիքը հայտնելու նրանց մասին, լինի դա լավ, թե վատ, բայց այն չի կարող հիմնված լինել ստի վրա։
Sun, Daily Mail, Mirror և Express թերթերը բրիտանական խոշոր պարբերականներ են։ Sun-ը և Daily Mail-ը, որոնք լույս են տեսնում համապատասխանաբար 1969-ից և 1896-ից, մեծ լսարան ունեն։










