«Ցանկության դեպքում կարող էի միջամտել, բայց չեմ անում»․Թրամփը հավաստիացրել է, որ չի միջամտում կորոնավիրուսի պատճառով փակված իր հյուրանոցի գործերին

10:02 • 20.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ չի միջամտում Լաս Վեգասում կորոնավիրուսի պատճառով փակված իր հյուրանոցի գործերին: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է 8newsnow.com-ը։

Հարցին, թե արդյոք նա կիսում է Լաս Վեգասի քաղաքապետի դիրքորոշումը, որը դեմ է և «միանգամայն խելագարություն» է համարում Նևադայի նահանգապետի՝ կորոնավիրուսի պայմաններում բիզնես գործունեության դադարեցման մասին որոշումը, Թրամփն ասել է․ «Նրանք իմ հյուրանոցներից մեկն էլ են փակել։ Ես չեմ միջամտում, ցանկության դեպքում կարող էի միջամտել, բայց չեմ միջամտում, ես որոշում եմ կայացրել չմիջամտել։ Նա (նահանգապետը) շատ լուրջ քայլ է ձեռնարկել, բայց ես դրա հետ կապված խնդիրներ չունեմ»,- ասել է Թրամփը:

Թրամփը նաև նշել է, որ հասկանում է երկու կողմերի մտահոգությունները և դժգոհությունները։

«Գիտեմ, որ քաղաքապետը ուրախ չէ այդ առիթով։ Բիզնեսի սեփականատերերը և որոշ կառուցապատողներ՝ նույնպես»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ հասկանում է նաև նահանգապետին, որը ցանկանում է կանխել կորոնավիրուսի տարածումը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Trump Organization-ը ոչ պաշտոնական բանակցություններ է վարում խոշորագույն միջազգային բանկերից մեկի՝ Deutsche Bank-ի հետ՝ կորոնավիրուսի պատճառած ֆինանսական դժվարությունների ֆոնին վարկային վճարումների հետաձգման շուրջ: Հաղորդվում էր, որ կորոնավիրուսի հետ կապված՝ ընկերությունը ստիպված է փակել հյուրանոցները, կրճատել անձնակազմը և տրամադրվող ծառայությունները։