Նիկոլ Փաշինյանի հայտնած տեսակետները մեզ համար այս պահին որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում․ Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապետին Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով հրավիրելու մասին (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննարկումների արդյունքում մենք չենք տեսել անհրաժեշտություն, որ պետք է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հայտնած տեսակետների համար։ Այս մասին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվում են վարչապետին հրավիրել հանձնաժողով՝ հասկանալու Ռուսաստանի դերակատարությունը որն էր Ապրիլյան պատերազմում։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2016 թ․ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։
«Եթե Նիկոլ Փաշինյանը տեսակետ է արտահայտել, այդպիսի տեսակետներ հայտնել են նաև շատ քաղաքական գործիչներ։ Մենք այդ հնչեցված տեսակետները նաև ուսումնասիրում ենք, եթե կարիք լինի որևէ աղբյուր ճշտելու, մենք առաջինը ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ ինչ-որ դրվագների համար»,- ասաց պատգամավորը։
Խոսքը, ըստ նրա՝ հիմնականում պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասին է։
«Նիկոլ Փաշինյանի հետ կապված տեսակետները մեզ համար այս պահին որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ Մեզ համար հետաքրքրություն ներկայացնում են այլ դրվագներ, որոնք ունեցել են հետևանք, որովհետև այդ որոշումները եղել են այն մարմինների կողմից, որոնց որոշումները կատարվել են կամ չեն կատարվել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելուց հետո Անդրանիկ Քոչարյանը խոսել էր 2016-ին հետախուզության հետ կապված խնդիրների մասին։ Հարցին, թե պատրաստվում են վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին կրկին հրավիրել հանձնաժողով՝ պարզելու, թե ինչ խնդիրներ էին՝ հետախուզության հետ կապված, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրություններ ունենք՝ հետախուզության հետ կապված։ Մեր եզրակացություններում մենք անդրադարձ անելու ենք նաև հետախուզության բացթողումներին կամ այն դրվագներին, որոնք հանձնաժողովի համար շատ խնդրահարույց են եղել»։
Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի Արշակ Կարապետյանին կրկին հանձնաժողով հրավիրել, հարցը կքննարկվի և որոշում կկայացվի։
«Սերժ Սարգսյանին լսելուց հետո նորից հանձնաժողովում կարող են կարծիքներ լինել, որ պետք է այն զինվորականները, որոնք եղել են, ինչ-որ հարցերի ևս պատասխանեն, բայց այս պահին մեզ համար շատ կենսունակ է շարունակում մնալ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։










