Մերկելը քննադատել է կարանտինային միջոցառումների վերացման մասին բուռն քննարկումները՝ դրանք անվանելով «վակխանալիա»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է գերմանական որոշ շրջաններում կարանտինային միջոցառումների մեղմման մասին քննարկումները՝ այդ ամենը «վակխանալիա» անվանելով, հայտնում է welt.de կայքը։
Հայտնի է, որ Անգելա Մերկելը նման հայտարարություն է արել իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության (ՔԴՄ) ՝ երկուշաբթի տեղի ունեցած տեսահամաժողովի ընթացքում՝ դժգոհելով, որ սահմանափակման միջոցառումները «զգուշորեն» և աստիճանաբար մեղմելու մասին իր հայտարարությունը հանգեցրել է դրանց վերացման վերաբերյալ «անխոհեմ» քննարկումների․ կանցլերի կարծիքով՝ սա կարող է իրավիճակի է՛լ ավելի վատթարացմանը հանգեցնել։
Սահմանափակումների մեղմման մասին քննարկուները Գերմանիայում առավել մեծ թափ են ստացել անցած շաբաթ կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի տեմպի նվազման ֆոնին։ Մերկելն ապրիլի 15-ին հայտարարել էր սահմանափակումների աստիճանական վերացման մասին․ մասնավորապես՝ ապրիլի 20-ից երկրում իրենց աշխատանքը կվերսկսեն 800 մետրից ոչ ավելի մեծ տարածք ունեցող խանութները, ավտոսրահները, սակայն միջոցառումների մեծ մասը դեռևս ուժի մեջ կմնա։
Մերկելի կարծիքով՝ սահմանափակումների մասին քննարկումները կարող են համավարակի դեմ պայքարի դրական միտումը կասեցնել, քանի որ դրա արդյունքում ավելի քիչ մարդ կհետևի շփումները սահմանափակելու կանոններին։
Իրենց հերթին տեսահամաժողովի ժամանակ ՔԴՄ փոխնախագահներ Ֆոլկեր Բուֆյեն և Յուլյա Քլյոքները քննադատել են Ռայնլանդ-Պֆալց երկրամասի իշխանություններին առևտրի կենտրոններն ու կենդանաբանական այգիները բացելու որոշման համար:
Երկուշաբթի օրվա դրությամբ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 141 000 դեպք, որից 4 400-ը՝ մահվան ելքով։










