Չինաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք
Չինաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 12, իսկ դրա նախորդ օրը՝ 16 նոր դեպք, մահվան որևէ դեպք չի գրանցվել, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով ՉԺՀ առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեի հայտարարությանը։
Վարակակիր 12 անձից 8-ն արտերկրից է ժամանել Չինաստան։ Արտերկրից ժամանած վարակակիրների ընդհանուր թիվը 1583 է, որից 841-ը բուժում է ստանում (43-ի վիճակը գնահատվում է ծանր), 742-ն արդեն ապաքինվել է։
Վարակման ևս 4 դեպք գրանցվել է Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում (երեք մարդ) և հյուսիսային հատվածում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում։
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 747-ի, ապաքիվել է 77 084 մարդ, մահացել է 4632-ը։ Ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 1031 մարդ, որից 81-ի վիճակը գնահատվում է ծանր։
Բացի այդ, օրերս 49 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն նրանք որևէ ախտանշան չեն ունեցել: Այժմ բժշկական հսկողության տակ է գտնվում այդպիսի 990 հիվանդ, որից 184-ն արտերկրից է ժամանել ՉԺՀ։










