«Պետական սահմանները պետք է փակ մնան ամենաքիչը մեկ տարի». Չեխիայի նախագահ

12:20 • 20.04.20

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով երկրի սահմանների փակ վիճակը պետք է պահպանվի ևս մեկ տարի: Այս մասին տեղեկացնում է  korrespondent.net կայքը` հղում տալով չեխական «Չաստոտա-1» ռադիոկայանին:

«Պետական սահմանները պետք է փակ մնան ամենաքիչը մեկ տարի, այլապես արտասահմանյան այցերը կարող են հանգեցնել համաճարակի նոր ալիքի»,-հայտարարել է Զեմանը:

Չեխ ղեկավարի խոսքով՝ քաղաքացիներն այդ ժամանակը կարող են տրամադրել երկրով շրջագայելուն և տեսարժան վայրերով հիանալուն:

Միևնույն ժամանակ ապրիլի 19-ին Չեխիայի արտգործնախարար Տոմաշ Պետրժիչեկը տեղեկացրել էր, որ կառավարությունը երկուշաբթի ծրագրում է քննարկել ձեռնարկատերերի համար սահմանները բացելու հարցը՝ միաժամանակ սահմանափակելով ազատ ելումուտը Սլովակիայի և Ավստրիայի հետ:

Երկրում մարտի 12-ից գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ, մարտի 16-ից համազգային կարանտին է հայտարարվել, արտասահմանցիների մուտքն արգելվում է:

Վերջին տվյալներով՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6701 դեպք, համավարակի զոհ է դարձել 186 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: