Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար ոստիկանությունն անօթևանի է տուգանել

14:48 • 20.04.20

Մոսկվայում ոստիկանությունն ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար անօթևան տղամարդու է տուգանել, հայտնում է gazeta.ru կայքը։

Հաղորդվում է, որ անօթևանն իր հագուստը լվանալու նպատակով ծանոթներից մեկի տուն է ուղևորվել, երբ նրան կանգնեցրել է ոստիկանությունը և հարցուփորձ անելուց հետո մեղադրել տնից 100 մետր հեռավորության վրա գտնվելու, այսինքն՝ մեկուսացման ռեժիմը խախտելու համար։

«Երբ ասացի, որ ինքնամեկուսացման համար մշտական բնակության վայր չունեմ, նրանք նշեցին, որ դա իրենց խնդիրը չէ, և ես պետք է ինձ համար բնակության վայր վարձակալեմ»,- հայտնել է տղամարդը լրագրողներին։

Արդյունքում անօթևան մարդու համար 4000 ռուբլի գումարի չափով տուգանք են սահմանել, իսկ արձանագրության մեջ նա նշել է այն հասցեն, որտեղ մի ժամանակ սենյակ էր վարձակալել․ դատական նիստի վերաբերյալ նամակն այս հասցեով կուղարկվի։

Նշվում է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում անօթևան մարդկանց աջակցություն ցուցաբերող շատ կենտրոններ փակվել են։