«Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին 100 000 կալանավորի ևս մեկ ամիս ազատության մեջ կթողնի». Ռոհանի

12:01 • 20.04.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի տարբեր բանտերից ժամանակավորապես ազատ արձակված 100 000 կալանավորները ևս մեկ ամիս ազատության մեջ կմնան:

Ինչպես նշում է The Guardian-ը, կալանավորներն ազատ էին արձակվել համավարակի դեմ պայքարի շրջանակում՝ քրեակատարողական հիմնարկներում վարակի տարածումը կանխելու նպատակով:

«Կալանավորները պետք է ազատության մեջ մնային մինչ ապրիլի 19-ը, սակայն ժամկետը երկարաձգվում է մինչ մայիսի 20-ը»,-տեսաուղերձի ժամանակ ասել է Ռոհանին՝ ընդգծելով, որ տվյալ հարցով վերջնական որոշում կայացնողն Արդարադատության նախարարությունն է:

Նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին թեև նախագահի ասածն ուղղակիորեն չի հաստատել, սակայն նշել է, որ ազատ արձակվածների մեծ մասը դեռևս կալանավայր չի վերադառնա: Նա հավելել է, որ մոտ ապագայում նոր թվով կալանավորներ ազատության մեջ կհայտնվեն:

Հայտնի է, որ համավարակի հետևանքով Իրանում մահացել է  5118, ապաքինվել 57 023 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է ախտահարման 82 211 դեպք: Իրանը համարվում է աշխարհում կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրներից մեկը: