Նիգերիայում զինված գրոհայինները հարձակվել են մի քանի գյուղի վրա՝ սպանելով 47 մարդու
Նիգերիայի Կացինա նահանգում զինված գրոհայինները հարձակվել են մի քանի գյուղի վրա՝ սպանելով 47 մարդու: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Այս շրջանում պարբերաբար բախումներ են տեղի ունենում անասնապահությամբ զբաղվող ֆուլանի ցեղի և գյուղատնտեսությամբ զբաղվող մի շարք համայնքների ներկայացուցիչների միջև:
Զինյալները հարձակումներ են գործել Դուտսինմա, Դանմուսա և Սաֆանա գյուղերի վրա:
Հարձակման շրջան են ուղարկվել ոստիկանության, ազգային բանակի, ռազմաօդային ուժերի, քաղաքացիական պաշտպանության և պետական ծառայությունների վարչության ստորաբաժանումները:
Զինվորականները կարողացել են չեզոքացնել անհայտ խմբավորման հարձակումը գյուղերից մեկի վրա` վնասազերծելով մի քանի զինյալների:
Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ զինվորականները վերացրել են «Բոկո Հարամ» խմբավորման տասնյակ զինյալների:
«Նիգերիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երկրի հյուսիս-արևելքում տեղակայված ռազմական ջոկատը Յոբե նահանգի Գուջբա շրջանում հրաձգության մեջ է մտել «Բոկո Հարամ» խմբավորման զինյալների հետ, ինչի արդյունքում ոչնչացվել են խմբավորման տասնյակ անդամներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ նույն շրջանում ևս մեկ մարտ է տեղի ունեցել, որի արդյունքում չեզոքացվել է 10 զինյալ: Զինվորականների կողմից կորուստներ չեն եղել:










