Նորվեգիայում կորոնավիրուսի պատճառով փակված մանկապարտեզներն ու մի շարք այլ հաստատություններ կվերսկսեն աշխատանքը
Նորվեգիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակում փակված մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով նորվեգական լրատվամիջոցներին։
Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրում շատ ծնողներ թերահավատորեն են մոտեցել նման հնարավորությանը և որոշել են տանը թողնել երեխաներին։
Երկուշաբթի օրվանից նորվեգացիները նաև իրենց հանգիստն ամառանոցում անցկացնելու թույլտվություն կունենան։
Նորվեգիայի կառավարության որոշման համաձայն՝ ապրիլի ընթացքում մի շարք հաստատություններ ևս աստիճանաբար կբացվեն․ իրենց աշխատանքը կվերսկսեն մանկապարտեզները, դպրոցների ցածր դասարանները, համալսարանն ավարտող ուսանողները հնարավորություն կունենան վերադառնալու համալսարաններ, կբացվեն վարսահարդարման սրահներն ու համավարակի հետևանքով փակված այլ հաստատություններ։
Նորվեգիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 7 068 է, մահացել է 164 մարդ, հոսպիտալացվել՝ 148-ը։










