Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա մեկուսացված է, առողջական վիճակում դրական դինամիկա կա. Արևիկ Խաչատրյան
Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, նրա մոտ հաստատվել է վարակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ դատախազի վիճակը լավ է: «Նրա մոտ առկա է բարելավման դինամիկա, ջերմություն և վիրուսային հիվանդության այլ լուրջ ախտանշաններ չեն եղել: Նաև պարզված է դատախազի հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը, ընտանիքի անդամները մեկուսացվել են, նրա հետ շփում ունեցած գործընկերներն էլ ինքնամեկուսացման մեջ են»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Խաչատրյանը հավելեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև՝ դատախազները, աշխատանքն իրականացնում են հեռավար:
«Աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցների համար ապահովվում է սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ընդգծեց նա:










