«Ռուսաստանում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է». Պուտին

17:03 • 20.04.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, սակայն համավարակի պիկը դեռ առջևում է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եզրակացությունները հաստատում են, որ, ընդհանուր առմամբ, մեզ հաջողվում է լուծել համավարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները,  մասնավորապես՝ դանդաղեցնել դրա տարածումը, բայց դա ոչ մի կերպ չպիտի հանգստացնի մեզ: Ինչպես ասում են մասնագետները, հիվանդության պիկը դեռևս առջևում է, և հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարթեցնենք այդ պիկը, կրճատենք այդ ժամանակաշրջանը, երբ կգրանցվի նոր վարակումների ամենամեծ թիվը»,-հայտարարել է Պուտինը ՌԴ-ում սանիտարահամաճարակաբանական հարցերով փորձագետների հետ ունեցած քննարկման ժամանակ:

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 121 դեպք, մահվան դեպքերի թիվը 405 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: