Կառավարությունը քննարկում է որոշ սուբյեկտների տնտեսական գործունեությունը թույլատրելու հարցը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Քննարկվում է որոշ տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Աստիճանաբար մեղմվելու են սահմանափակումները, բայց թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվան, հայտնի կլինի այս շաբաթվա ընթացքում՝ պարետատան պաշտոնական հայտարարության միջոցով»,-ասաց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում Կառավարությունը ծախսել է 12.5 միլիարդ դրամ:
«Աշխատանքը կորցրած անձանց և տուժած ոլորտներում վարձու աշխատող ավելի քան 90 000 աշխատակցի ցուցաբերվել է աջակցություն: Անչափահաս երեխաներ ունեցող ավելի քան 70 000 ընտանիքների, որոնցում ծնողները չունեն աշխատանք, արդեն ցուցաբերվել է աջակցություն: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով նպաստառու ընտանիքներին այս ամսվա վերջում տրամադրվելու է 1.2 միլիարդ դրամի չափով աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85 000 ընտանիքի, որոնցում բնակվում են ավելի քան 300 000 քաղաքացիներ: Սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցվել է շուրջ 486 000 բաժանորդ»,-մանրամասնեց վարչապետի օգնականը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ուսանողների աջակցության ծրագիրը քննադատությունների է արժանացել, քանի որ աջակցություն կստանան միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, Սարգսյանը նշեց, որ ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, ապա հավելեց, որ աջակցության բոլոր միջոցառումներում Կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ:
«Բայց մենք ծրագիր ունենք բոլոր ուսանողների համար. անկախ նրանց առաջադիմությունից և բուհի կարգավիճակից՝ բոլորին տրվելու է անտոկոս ուսանողական վարկեր ստանալու հնարավորություն: Նախնական քննարկման արդյունքում 80 և ավել ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ ավելի ցածր առաջադիմությամբ սովորողները տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր ստանալու հնարավորություն կունենան»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե 8-րդ միջոցառման շրջանակում մի շարք քաղաքացիներ 68 000 դրամից պակաս գումար են ստացել, Սարգսյանը պարզաբանեց. «Բոլոր այն աշխատողները, որոնք ոչ լիարժեք դրույքով են աշխատել կամ աշխատել են միայն հունվար ամսին կամ միայն փետրվար ամսին, շատ հնարավոր է՝ ստանան ավելի քիչ գումարը, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68 000 դրամը»:
Դիտարկմանը, թե թեև կարանտին է, բայց փողոցում բազմաթիվ մարդիկ կան, Սարգսյանն ասաց, թե չպետք է հույսը միայն Ոստիկանութան վրա դնել, քաղաքացիները պետք է անձամբ գիտակցեն, որ սահմանափակումներն արվում են իրենց անվտանգության համար:
Հարցին՝ ի՞նչ է կատարվելու արտակարգ դրության՝ մայիսի 14-ից հետո, Սարգսյանն ասաց, թե այս պահին որոշում չկա:










