Մոտ 400 մահ․ Իսպանիայում 1 օրում գրանցվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան ամենացածր ցուցանիշը
Իսպանիայում անցյալ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առնվազն 400 դեպք, որը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Առողջապահության նախարարության հայտարարությանը։
Ընդամենը վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում հիվանդությունից մահացել է 399 մարդ․ համավարակի սկզբից զոհերի ընդհանուր թիվը 20 852 է։
Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 200 210-ի․ միայն վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 4266 դեպք։ Համավարակի սկզբից մինչև այժմ ապաքինվել է 80 587 մարդ․ այսպիսով՝ ակտիվ է համարվում գրեթե 99 000 դեպք։
Իսպանիայում բարձր պատրաստության ռեժիմի մասին հայտարարվել է մարտի 14-ին և այն երկարաձգվել է երկու անգամ, վերջին անգամ՝ մինչև ապրիլի 26-ը։
Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ մտադիր է խորհրդարանին դիմել ռեժիմը մինչև մայիսի 9-ը ներառյալ երկարաձգելու համար, միևնույն ժամանակ ապրիլի 27-ից սկսած երեխաների զբոսանքի համար կթուլացվեն որոշ սահմանափակումներ։










