Ucom ընկերության տնօրենների խորհուրդն է իրավասու նոր տնօրեն ընտրել, որին հետո պետք է պետռեգիստրում գրանցեն. իրավաբանը՝ ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի իրավական կողմերի մասին

15:13 • 20.04.20

Այսօր լրագրողների հարցերին պատասխանելու համար հրավիրված քննարկման ժամանակ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գնել Մուղնեցյանը պարզաբանումներ ներկայացրեց Ucom ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ընկերության տնօրեններ և մոտ 6 տոկոսի բաժնետերեր եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հրաժարական էին տվել, իսկ Ucom ընկերության տնօրենների խորհուրդը նոր գլխավոր տնօրեն է նշանակել Արա Խաչատրյանին։

Tert.am-ի այն հարցին, թե կողմերը հղում են անում երկու փաստաթղթի՝ տնօրենների որոշման քաղվածքին և պետռեգիստորի վկայականին, իրավական պրակտիկայում պետռեգիստորի վկայականն ի՞նչ գործառույթ ունի, քանի որ տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով, իրավաբանը պատասխանեց, որ պետական ռեգիստորի կողմից տրված փաստաթուղթը ընդամենը իրավասու սուբյեկտի որոշման հիման վրա կատարված գրառման վերաբերյալ տեղեկություն է:

«Մենք այդ գրառման գործընթացն սկսել ենք, գրանցման վարույթը մեկնարկել ենք, դիմում ենք ներկայացրել պարոն Արա Խաչատրյանին՝ որպես ընկերության նոր տնօրենի: Մենք գործ ունենք երկու տարաբնույթ փաստաթղթերի հետ, տնօրենների խորհրդի որոշումները այն միակ և թույլատրելի ապացույցն են, որով հավաստվում է սուբյեկտի՝ ընկերության գործադիր լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ փաստաթուղթ դրա համար գոյություն չունի: Ucom ընկերության տնօրենների խորհուրդն է իրավասու նոր տնօրեն ընտրել, որին հետո պետք է պետռեգիստրում գրանցեն»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ գործի վերաբերյալ դեռ վարչական ակտ չունեն: Հարցին, թե ի՞նչ է լինելու «Ucom» ընկերության աշխատակիցների հետ և ովքե՞ր են պատասխանատու նրանց առաջ, իրավաբանը պատասխանեց, որ այդ առումով թիմային քննարկում է իրականացվում և որոշումը կհրապարակի տնօրենը:

Մուղնեցյանը նշեց, որ նախկին տնօրեններն աշխատակիցների առաջ պարտավորություններ ունեն, քանի որ աշխատակիցների դիմումների ժամկետներն արդեն վերջանում են, և հավելեց, որ այս մասով ևս թիմային քննարկում է իրականացվում:

Հարկերի վերաբերյալ հարցին իրավաբանը պատասխանեց՝ քանի որ Ucom ընկերության անձնակազմը նույնն է և յուրաքանչյուրն իր պատրավորություններն ունի, հարկերի պարտավորությունները կկատարվեն:


Մանրամասները՝ տեսանյութում