Վաշինգտոն նահանգում ավելի քան 2000 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել ընդդեմ կարանտինի. Seattle Times (տեսանյութ)
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի մայրաքաղաք Օլիմպիայում՝ Կապիտոլիումի մոտակայքում, 2000-2500 մարդ բողոքի ակցիա է կազմակերպել` պահանջելով չեղարկել կորոնավիրուսի տարածման ֆոնին տանը մնալու հրահանգը: Այս մասին տեղեկացնում է Seattle Times պարբերականը:
Պարբերականը տեղեկացնում է, որ նահանգում սահմանափակումները գործում են մինչև մայիսի 4-ը, սակայն դրանք կարող են երկարաձգվել:
Նահանգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 12 000 դեպք:
Բողոքի ակցիան կազմակերպել են հանրապետական օրենսդիրները: Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Սազերլենդը հավաքվածներին կոչ է արել «ապստամբություն» սկսել, եթե իշխանությունները փորձեն արգելել սիրողական ձկնորսությունը:
Բողոքի ակցիան, ըստ պարբերականի, դարձել է նահանգապետ Ջեյ Ինզլիի և բժշկական փորձագետների հրահանգների խախտում: Մասնավորապես, ցուցարարները խախտել են 50 և ավելի մարդկանցով մեկ վայրում հավաքվելու արգելքը: Շատերը չեն պահպանել սոցիալական հեռավորությունն ու չեն կրել բժշկական դիմակներ: Նահանգապետը դեմ է արտահայտվել ցույցին:
«Ես աջակցում եմ խոսքի ազատությանը: Բայց ամբոխի հաշվարկներն ու խոսքերը չեն փոխի մեր ուղին: Հարցը քաղաքականությունը չէ: Խոսքը Վաշինգտոնի բնակիչների առողջության մասին է»,-հայտարարել է Ինզլին:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ բողոքի ակցիան խաղաղ է անցել, բերման ենթարկվածներ չեն եղել:
ԱՄՆ-ում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 764 265 դեպք, մահացել է 40 565 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Տեսանյութը՝ այստեղ:










