Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումից ամենաշատը կտուժեն աղքատ երկրները. փորձագետներ

14:01 • 20.04.20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակեպության ֆինանսավորումը դադարեցնելու որոշումից ամենաշատը կտուժեն աշխարհի ամենաաղքատ երկրները:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, նման եզրահանգման են եկել փորձագետները՝ մանրամասնելով, որ աղքատ պետությունները կորոնավիրուսային համավարակից բացի ԱՀԿ-ի ֆինանսավորմամբ պայքարում են այլ հիվանդությունների, այդ թվում՝ էբոլայի, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի, պոլիոմիելիտի դեմ:

Ջորջթաունի համալսարանի փորձագետ Լոուրենս Գոսթինը նշում է, որ Թրամփի որոշումից առավելապես կտուժեն առողջապահական խոցելի համակարգով, ցածր եկամուտ ունեցող աֆրիկյան, լատինամերիկյան պետությունները, քանի որ, եթե ԱՀԿ-ն զրկվի Միացյալ Նահանգների ֆինանսավորումից, աղքատ պետությունները, իրենց հերթին, կզրկվեն կառույցից ստացվող օգնությունից:

«Փաստացի այդ պետությունները հայտնվում են աշխարհաքաղաքական ուժերի, երկու ամենահարուստ պետությունների բախման կիզակետում՝ զրկվելով իրենց պաշտպանելու հնարավորությունից»,-նշել է մասնագետը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի և Չինաստանի տարաձայնությունները:

Հայտնի է, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի խոշորագույն դոնորն է և միայն անցած տարում տրամադրել է 893 մլն դոլար, մինչդեռ Չինաստանը տրամադրել է ընդամենը 86 մլն դոլար, ինչն էլ բարկացրել է Թրամփին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Թրամփը քննադատության էր ենթարկել ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ կորոնավիրուսի համաճարակին իր կարծիքով համարժեք չարձագանքելու համար։