Լավրովը բացել է փակագծերը. Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված. EA Daily

16:03 • 21.04.20

Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում: Այս մասին ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է eadaily.com կայքը:

Այս կերպ Լավրովը պատասխանել է 1993 թվականին հակամարտության գոտում ռազմական գործողությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերի մասին հարցին, որը մշտապես շահարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

«Ընդունված բանաձևերը հայտնի փաստաթղթեր են: Դրանք առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում և անցում բանակցությունների: Դրանցում, այո, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Բայց այդ նույն բանաձևերում կոչ էր հնչում դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների: Դրանից հետո բանակցություններ վարվել են, և ոչ մեկ անգամ: Բանակցությունների պայմանավորվածություններ եղել են Քի Վեսթում 2001 թվականին, եղել են նաև տարբեր ձևաչափերով պայմանավորվածություններ (Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ և առանց նրանց): Այժմ արդեն կայացած է բանակցությունների Բաքու-Երևան, ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներ և ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ ձևաչափը»,-ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ սա լավ ձևաչափ է և կյանքի է կոչում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը` բանակցային սեղանի շուրջ նստելու և պայմանավորվելու մասին:

Լավրովը հիշատակել է նաև Մադրիդյան պայմանավորվածությունները, Կազանյան սկզբունքները և այն նախագծերը, որոնք անցյալ տարվա ապրիլին ընդունվել են Մոսկվայում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդի խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում (հայկական զորքերի կողմից) և տրանսպորտային, տնտեսական և այլ կապերի ապաարգելափակում: Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը հասնենք, դա կարևորագույն քայլ կլինի ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացմանը: Այժմ պետք է պայմանավորվել, և մենք հենց դրան ենք ցանկանում հասնել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,-նշել է Լավրովը:

 

 

 

Լավրովը բացել է փակագծերը. Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված. EA Daily