ՄԻԱՎ վարակակիրներն ավելի դիմացկուն են կորոնավիրուսի նկատմամբ. ռուս փորձագետ
ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ ավելի դիմացկուն են կորոնավիրուսի նկատմամբ, քանի որ հիվանդության առավել վաղ փուլերում մարդու մոտ ակտիվանում է իմունային համակարգը, ուստի՝ տարբեր վարակներին դիմակայելու համար օրգանիզմում ավելի շատ հակամարմիններ են արտադրվում:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտական-հետազոտական ինստիտուտում ՄԻԱՎ վարակի վերահսկման և կանխարգելման դաշնային գիտամեթոդաբանական կենտրոնի տնօրեն Վադիմ Պոկրովսկին:
Փորձագետը նշում է, որ ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո մարդու դիմադրողականությունը մոտ 5-10 տարի ակտիվ վիճակում է գտնվում, իսկ դրանից հետո գերլարվածություն է ստեղծվում։ Այսպիսով՝ կարելի է ենթադրել որ ոչ վաղ անցյալում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ որոշակի չափով կարող է կորոնավիրուսից ավելի լավ պաշտպանություն գործել, քան մնացածի մոտ։
Այստեղ էական դեր կարող է կատարել իմունոգլոբուլինների հավելյալ քանակությունը, որը պատասխանատու է տարատեսակ վիրուսներով վարակումից պաշտպանության համար։
Միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի բուժման կամ կանխարգելման համար օգտագործել այնպիսի հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք կիրառվում են ՄԻԱՎ վարակի թերապիայի համար, քանի որ որևէ երաշխիք չկա, որ դրանք կարող են օգնել։
Ներկայում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2․4 միլիոն դեպք։ Համավարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 170 000-ը։










