Իսպանացի գիտնականները 10-շաբաթյա փորձարկումներ են սկսել՝ տեսնելու, թե արդյոք վիտամին D-ն կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում. Daily Mail

13:12 • 21.04.20

Իսպանացի գիտնականները տասը շաբաթ տևողությամբ փորձարկումներ են սկսել իրականացնել՝ տեսնելու, թե արդյոք արևային վիտամին D-ն կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտնում է Daily Mail պարբերականը։

Նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս վիտամինը զգալի դերակատարում ունի առողջ իմունային համակարգի ձևավորման հարցում, ուստի այն կարող է պաշտպանել օրգանիզմը շնչառական վարակներից։

Գրանադայի համալսարանի հետազոտողներն այժմ փորձում են հասկանալ, թե արդյոք վիտամին D-ի մեծ չափաբաժինը կարող է բուժել կորոնավիրուսի մեղմ ախտանշանները, ինչպիսիք են գլխացավը, դողը, հոգնածությունը։

Հետազոտությանը մասնակցում է 40-70 տարեկան 200 պացիենտ, որոնք ամեն օր 625 միկրոգրամ վիտամին D-ի պաշար կամ սովորական դեղորայք կստանան։ Եթե հետազոտության արդյունքում պարզվի, որ վիտամին D-ն կանխում է կորոնավիրուսի զարգացումը, ապա այն կարող է մի շարք համայնքներում և հիվանդանոցներում որպես բուժման եղանակ ծառայել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ արդյունքների ու չափաբաժնի հաստատման համար:

Իսպանացի գիտնականները 10-շաբաթյա փորձարկումներ են սկսել՝ տեսնելու, թե արդյոք վիտամին D-ն կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում. Daily Mail