Մասկը պատմել է՝ ինչպիսին կլինի Cybertruck պիկապի սերիական տարբերակը (լուսանկարներ)
Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը պատմել է Cybertruck պիկապի սերիական տարբերակի՝ անցյալ տարի ներկայացված նախատիպի համեմատությամբ սպասվող փոփոխությունների մասին: Այս մասին գրում է Inverse-ը։
«Մեքենայի չափը կնվազի 3 տոկոսով, կենտրոնական գիծը կդառնա ավելի հորիզոնական, պատուհանի ստորին հատվածի բարձրությունը կնվազի», - նշել է Մասկը։
Նա անցյալ տարի խոստացել էր Cybertruck-ը փոքրացնել։ Պարզվել էր, որ մեքենան չի տեղավորվում ստանդարտ ամերիկյան ավտոտնակում։
«Առանց արդյունավետությունն ու գեղագիտական տեսքը կորցնելու, հավանաբար, կարող ենք լայնությունը նվազեցնել 2,5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 15 սմ-ով», - ասել էր նա անցյալ տարի։
Էլեկտրապիկապի ևս մի նոր գործառույթի մասին Մասկը Twitter-ի օգտատերերին պատմել է օրերս: Ի պատասխան օգտատիրոջ այն հարցի, թե հնարավոր կլինի Cybertruck-ով հատել գետը, Մասկը պատասխանել է․ «Այո, նույնիսկ մի քիչ լողալ»։
Ընկերության ղեկավարը նաև հաստատել է, որ պիկապը կունենա նույնպիսի ջերմային պոմպ, ինչպիսին այս տարվա նորույթը՝ Model Y-ն: Այն թույլ կտա տաքացուցիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, իսկ դա դրականորեն կանդրադառնա մեքենայի ընթացքի վրա:













