Մենք կստեղծենք ներքին գործերի նախարարություն և ոստիկանությունը կլինի նրա կազմում. վարչապետ (տեսանյութ)

14:16 • 23.04.20

Այսօր կառավարության հերթական նիստին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու (մինչև նոր նախարարության ստեղծումը՝ ՀՀ Ոստիկանության, իսկ նոր նախարարության ստեղծումից հետո՝ նախարարության կողմից) և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է փոխվի ու պետք է փոխվի ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ։ «Մենք կստեղծենք ներքին գործերի նախարարություն և հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ներքին գործերի նախարարությունը, այս թեման վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից էր, մենք գնում ենք հետևյալ ճանապարհով, որ քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից ու ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ներքին գործերի նախարարության հետ, կլինի նրա կազմում»,-ասաց նա և նշեց, որ սա կարևորագույն բարեփոխումներից մեկն է: