«Չինաստանը չպետք է անպատիժ մնա». ԱՄՆ արդեն 2-րդ նահանգն է պատրաստվում կորոնավիրուսի պատճառով դատի տալ Չինաստանին

14:14 • 23.04.20

ԱՄՆ Միսիսիպի նահանգը պատրաստվում է կորոնավիրուսի հարցով դատական հայց ներկայացնել ընդդեմ Չինաստանի, հայտնում է The Hill-ը՝ նկատելով, որ ավելի վաղ նմանատիպ հայց էր ներկայացրել Միսուրի նահանգը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Միսիսիպիի գլխավոր դատախազ Լին Ֆիթչը, հայտնելով հայց ներկայացնելու մտադրության մասին, ասել է, որ Չինաստանը համարժեք պատասխան չի տվել անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում կորոնավիրուսի համաճարակի բռնկմանը, ինչի հետևանքով ԱՄՆ-ում մոտ 48 000 մարդ է զոհվել:

«Չինաստանի կողմից այս ամենը կոծկելու հետևանքով Միսիսիպիի՝ չափից ավելի շատ բնակիչներ են տառապել: Նրանց չպետք է թույլ տալ գործել՝ մնալով անպատիժ: Մեր նահանգի բնակիչները արդարության հաստատման են արժանի, և ես դրան կհասնեմ դատարանում»,-հայտարարել է գլխավոր դատախազը:

Նշվում է, որ հայցը նաև ֆինանսական փոխհատուցում կենթադրի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Միսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտը կորոնավիրուսի համավարակի պատճառով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի: Հայցում ասվում է, որ կորոնավիրուսն ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Միսուրի նահանգին, անդառնալի վնաս է հասցրելով՝ դառնալով հիվանդության, մահվան, տնտեսական ճգնաժամի և մարդկային տառապանքի պատճառ:

Միսուրին Պեկինից պահանջում է փոխհատուցել այդ վնասը, ինչպես նաև Չինաստանին պաշտոնապես պատասխանատվության ենթարկել՝ երկրի տարածքում համավարակի ենթադրյալ կոծկման, այնուհետև հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ջանքեր չգործադրելու համար:

«Չինաստանի կառավարությունը ստել է աշխարհին կորոնավիրուսի նոր տեսակի վտանգի և վարակիչ բնույթի մասին, լռեցրել է այդ մասին խոսողներին և շատ քիչ բան է արել հիվանդության տարածումը կանխելու համար: Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»,-ասվում է գլխավոր դատախազի հայցում:

Չինաստանի իշխանությունները Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: