Կորոնավիրուսի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկն առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի գրանցել․ փորձարկումները դադարեցվել են

10:06 • 24.04.20

«Ռեմդեսիվիր» (Remdesivir)՝ նուկլեոտիդների անալոգների դասին պատկանող հակավիրուսային դեղամիջոցը, որը համարվում էր Covid-19-ի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկը, առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի ունեցել, գրում է The Guardian-ը։

Սա այն դեղամիջոցներից մեկն է, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խոստումնալից» էր անվանում, գրում է աղբյուրը։

Փորձարկումները ներառել են 237 պացիենտի, մասնավորապես՝ 158 հիվանդ բուժում է ստացել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի օգնությամբ, իսկ 79-ը ստացել են սովորական բուժում: Հիվանդության վերականգնման ժամանակ խմբերի միջև ոչ մի տարբերություն չի արձանագրվել։ Ավելին՝ հիշյալ դեղամիջոցով բուժվածների գրեթե 14%-ը մահացել են, համեմատած 13%-ի հետ, որոնք սովորական բուժում են ստացել։ Ըստ հաղորդման՝ փորձարկումները դադարեցվել են նախատեսվածից ավելի վաղ՝ դրա կողմնակի բարդությունների վախով պայմանավորված։

Դեղամիջոցի անարդյունավետության մասին լուրը հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կլինիկական փորձարկումների տվյալների բազայում, սակայն հետագայում հեռացվել է: ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ փորձարկման արդյունքները պատահական են «շատ շուտ» հրապարակվել։

«Փաստաթղթի նախնական օրինակը տրամադրվել է ԱՀԿ-ի հեղինակների կողմից և ոչ միտումնավոր տեղադրվել կայքում․ սխալը նկատելուց հետո անմիջապես հեռացվել է։ Փաստաթուղթը գրախոսություն է անցնում, և մենք, այն մեկնաբանելուց առաջ, սպասում ենք վերջնական տարբերակին»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Թարիկ Յասարևիչը։

 

 

 

 

Կորոնավիրուսի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկն առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի գրանցել․ փորձարկումները դադարեցվել են