Թրամփը կարծում է, որ Կիմ Չեն Ընի վատառողջ լինելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը

08:31 • 24.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վատառողջ լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, գրում է CNBC-ն։

«Ես կարծում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ձեզ մի բան ասեմ․ կարծում եմ՝ նրանք (CNN -ը) սխալ հաղորդագրություն են հրապարակել։ Ես լսել եմ, որ նրանք հին տվյալներ են օգտագործել: Լսել եմ նաև, որ դա սխալ տեղեկատվություն է, և հույս ունեմ, որ իրոք այդպես է»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «շատ լավ հարաբերություններ» ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ և Կիմ Չեն Ընին առողջություն էր մաղթել։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Կարող եմ միայն ասել, որ նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել էր Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ամսվա սկզբին սրտի վիրահատություն է տարել և այժմ վերականգնվում է իր մասնավոր առանձնատանը:

Հաղորդվում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը 2019 թվականի օգոստոսից իրեն վատ է զգացել սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով։ Վերջին ամիսներին Կիմ Չեն Ընի առողջությունը վատացել է ծխելու, ճարպակալման և գերծանրաբեռնվածության պատճառով։