Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում Ռուստամ Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով. խոսնակ

18:31 • 26.04.20

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ թե´ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի, թե´ գլխավոր քարտուղարի թափուր հաստիքների համար մրցույթներ են հայտարարված եղել:

«Սիրելի՛ գործընկերներ, ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող տեղեկության, նշեմ, որ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում՝ նախարարն առհասարակ մասնակցություն չունի:

Երկու թափուր հաստիքների համար տարբեր ժամանակներում նախապես մրցույթներ են հայտարարված եղել, որոնց մասնակցելու համար առանձին-առանձին հայտ են ներկայացրել հինգից ավելի անձինք: Բոլոր հայտատուներն անցել են թեստավորման, իսկ այդ փուլը հաղթահարելուց հետո նաև հարցազրույցի փուլերը:

Մրցույթն անցկացրել են մրցութային հանձնաժողովները: Հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ, առկա չէ շահերի բախման իրավիճակ»,- գրել է նա:

Ավելի վաղ ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կադրային քաղաքականությանը և նշել, որ Արդարադատության նախարարն իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:

Մալյանը նաև տեղեկացրել էր, որ նախարար Բադասյանի մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը, նշանակվել է նախարարության աշխատակազմի քարտուղար: