Սև ծովում հայտնաբերել են 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծությունից խորտակված «Արմենիա» ջերմանավը (լուսանկարներ, տեսանյութ)
Սև ծովում՝ Ղրիմի ափից 15 մղոն (27,78 կիլոմետր) հեռավորության վրա, հայտնաբերվել է 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծությունից խորտակված «Արմենիա» ջերմանավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ռուսական աշխարհագրական ընկերությանը։
Ջերմանավի խորտակումը պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից է, որի վրա, տարբեր հաշվարկների համաձայն, մոտ 6-10 հազար փախստական և վիրավոր է գտնվել։
«Սև ծովի հատակին հայտնաբերվել է «Արմենիա» ջերմանավը, որը 1941 թվականի նոյեմբերի 7-ին կործանվել էր գերմանական օդուժի ռմբակոծության հետևանքով։ Ծովի ափից 15 ծովային մղոն (27,78 կիլոմետր) հեռավորության վրա և 1500 մետր խորության վրա գտնվող օբյեկտի ուսումնասիրության համար հայրենական արտադրության ՌՏ սերիայի ստորջրյա հեռակառավարվող սարք է օգտագործվել, որի միջոցով հնարավոր է եղել առաջին տեսակադրերը ստանալ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
ՌԱԸ տվյալներով՝ նավի կմախքը տիղմի շերտով է պատված, սակայն դրա վրա ակնհայտ ճեղքվածքներ չկան, ինչը բացառում է տորպեդով նավի խոցման հնարավորությունը, որի մասին ասվում էր օբյեկտի խորտակման պաշտոնական վարկածում։
«Միևնույն ժամանակ վերնաշինվածքի և տախտակամածի վրա ավերման ակնառու և սարսափելի հետքեր կան․ վանդակապատերն ու ուղղահայաց բոլոր տարրերը դուրս ցցված են, ինչն, ամենայն հավանականությամբ, գոյացել է ավիացիոն ռումբերի հետևանքով։ Հիմնական վնասները հասցվել են ձախ նավակողի մոտակա վերնաշինվածքի մեջտեղի և քթային հատվածներին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ավիացիոն ռմբակոծությունը տեղի է ունեցել նավի ընթացքի ուղղությամբ, այսինքն՝ ֆաշիստական օդանավերը նավի հետևի մասից են հարձակում գործել»,- պատմել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Սերգեյ Ֆոկինը։
Խորտակված ջերմանավի որոնողական աշխատանքներն առավել ակտիվորեն անցկացվել են վերջին 20 տարվա ընթացքում։ Դրանցով զբաղվել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Այդ ընթացքում ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք է հետազոտվել։
«Արմենիա»-ն Սև ծովի համար նախատեսված խորհրդային «Աջարիա» դասի ջերմանավերից մեկն էր, որն արտադրվել էր 1928 թ. Լենինգրադի Բալթյան նավաշինարանում։ Այդ դասի ջերմանավերն առաջին մարդատար նավերն էին, որ արտադրվել էին ԽՍՀՄ-ում:
1941 թ. նոյեմբերի 6-ի երեկոյան «Արմենիա»-ն՝ նավապետ Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ, դուրս է եկել Սևաստոպոլի նավահանգստից և հազարավոր տեղահանվողների հետ ուղի բռնել դեպի Տուապսե։ Սակայն կեսգիշերին մոտ նավի հրամանատարին հրահանգում են ուղղությունը փոխել դեպի Յալթա և այնտեղից էլ տարհանում կատարել։ Արդեն իսկ գերբեռնված նավը ստիպված է լինում ընդունել ևս մի քանի հարյուր հոգու։ Հակառակորդի կողմից չնկատվելու համար Պլաուշևսկին փորձ է անում մթով նավը հանել նավահանգստից, սակայն նրան հրամայվում է սպասել մինչև առավոտ, որպեսզի նրան ուղեկցեն երկու մարտանավ և երկու կործանիչներ։ Նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 8։00-ին «Արմենիա»-ն դուրս է եկել նավահանգստից: Մի քանի ժամ անց նավը ռմբակոծության է ենթարկվել և խորտակվել չորս րոպեի ընթացքում, որի հետևանքով 10 000 ուղևորից հատուկենտ մարդիկ են ողջ մնացել։












