Պուտինը նվազագույնի է հասցրել գործնական հանդիպումները, և նրա հետ հանդիպումից առաջ անհրաժեշտ է կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնել. Պեսկով

12:22 • 27.04.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար կորոնավիրուսի թեստեր է հանձնում, նվազագույնի է հասցրել գործնական հանդիպումները, պահպանում է հեռավորությունը, և առանց COVID-19-ն ախտորոշող թեստ հանձնելու չի կարելի հանդիպել նրան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

«Սանիտարական նորմերը, իհարկե, պահպանվում են։ Ինչ վերաբերում է դեմառդեմ շփումներին, նախագահը նվազագույնի է հասցրել դրանք», - ասել է Պեսկովն «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «նա փորձում է հեռավորություն պահպանել»։

«Բացի այդ, նախագահի մոտ, բնականաբար, հնարավոր չէ մտնել առանց համապատասխան թեստավորման»,- հավելել է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք Պուտինը հանձնում է կորոնավիրուս ախտորոշող թեստեր, նա դրական պատասխան է տվել։

Պեսկովը պատմել է, որ ինքն էլ է թեստեր հանձնում։ Նախագահի աշխատակազմի աշխատակիցներից ոմանք, նրա խոսքով, շաբաթական մի քանի անգամ թեստեր են հանձնում։

Պեսկովի խոսքով՝ հաշվի է առնվում նաև այն փաստը, որ թեստերը 100 տոկոսանոց ճշգրիտ կարող են չլինել։

«Ձեռնարկվում են բոլոր նախազգուշական միջոցները»,- ընդգծել է նա: