Բիլ Գեյթսը պաշտպանել է Չինաստանին՝ պնդելով, որ «Չինաստանը շատ բան է արել կորոնավիրուսի համավարակի սկզբում»

13:45 • 27.04.20

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը պաշտպանել է Չինաստանին՝ պնդելով, որ «Չինաստանը շատ բան է արել կորոնավիրուսի համավարակի սկզբում», գրում է Daily Mail-ը։

«Չինաստանը համավարակի բռնկման հենց սկզբում շատ բան է արել։ Նրանք, իհարկե, կարող են հետ նայել ու մատնանշել իրենց բացթողումները»,- CNN-ի հետ զրույցում ասել է Գեյթսը։

Միլիարդատերը հայտնել է, որ ԱՄՆ-ի՝ COVID-19-ին ուղղված պատասխան գործողություններն այլ երկրների համեմատ, որոնք նվազագույնի են հասցրել տնտեսական վնասը, «անհամեմատ վատ էին»։

«Որոշ երկրներ շատ արագ արձագանքեցին և անցկացրին իրենց թեստավորումները՝ այդպիսով խուսափելով հսկայական տնտեսական կորուստներից։ Ցավալի է, որ ԱՄՆ-ն, որն, ինչպես ենթադրվում էր, կազմակերպված կգործի, անհամեմատ վատ գործեց։ Բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ»,- հավելել է Գեյթսը։

Նրա խոսքով՝ այժմ ժամանակն է պատվաստանյութ ստեղծելու և նվազագույնի հասցնելու միլիարդավոր դոլարների տնտեսական կորուստները։

Կորոնավիրուսի տարածման համար Չինաստանին ԱՄՆ իշխանությունների շարունակական մեղադրանքների մասին հարցին Գեյթսը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ շատ սխալ ու անարդար բաներ են հայտարարվում, բայց հիմա նույնիսկ դրա քննարկման ժամանակը չէ»։ 

Գեյթսը կիրակի նաև պաշտպանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Նա ԱՀԿ-ին «ֆենոմենալ» է անվանել՝ ասելով, որ ԱՄՆ-ն մեծապես կախված է նրանից։

«Հետադարձ հայացք նետելով մենք կհասկանանք, որ ինչ-որ բաներ կարող էինք ավելի լավ անել, ինչպես յուրաքանչյուր դերասան այս ֆիլմում։ Բայց ԱՀԿ-ն սերտ կապեր ունի մի երկրի հետ, և այդ երկիրը Միացյալ Նահանգներն է», - ասել է նա: