Ճապոնիան կորոնավիրուսի պատճառով արգելել է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և ևս 11 երկրից մուտքը երկիր

14:12 • 27.04.20

Ճապոնիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընդլայնել է այն երկրների ցանկը, որտեղից արգելված է Ճապոնիա մուտքը․ ցանկում են ներառվել Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան և Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ևս 11 երկիր: Համապատասխան որոշումը երկուշաբթի հաստատել է կորոնավիրուսի դեմ միջոցառումների կառավարական շտաբը, գրում է tass.ru-ն։

«Այս 14 երկրների նկատմամբ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 29-ից»,-նիստի արդյունքներով հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Կառավարության ղեկավարը հաստատել է նաև բոլոր օտարերկրացիներին մինչև մայիսի վերջ վիզաներ տրամադրելու կասեցումը։

Մասնավորապես, այդ կանոններն այժմ գործելու են ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ցուցակը բաղկացած է 87 պետություններից։ Ավելի վաղ դրանում ընդգրկվել էին ԱՄՆ-ն, Չինաստանը, Հարավային Կորեան, ԵՄ-ի և Հարավարևելյան Ասիայի երկրները: