«Ճիշտ է՝ սա ամենամեծ մարտահրավերն է, որին երկիրը բախվել է, բայց մենք առաջընթաց ենք արձանագրում»․ Ջոնսոնը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո առաջին անգամ դիմել է բրիտանացիներին (տեսանյութ)

16:28 • 27.04.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո՝ իր առաջին աշխատանքային օրը, բրիտանացիներին միասնության և լավատեսության կոչ է արել և վստահություն հայտնել, որ Մեծ Բրիտանիան կհաղթահարի կորոնավիրուսը: Մեծ Բրիտանիայի վարչապետի ուղերձը հեռարձակվել է Դաունինգ սթրիթի յութուբյան ալիքում։

«Միասին մենք կհաղթահարենք այս փորձությունը։ Եվ Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ կդառնա, քան երբևէ»,-հայտարարել Է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով Դաունինգ սթրիթում` իր նստավայրի առջև:

«Եթե մենք, որպես երկիր, կարողանանք նույնպիսի լավատեսություն և եռանդ ցուցադրել, ինչպիսին կապիտան Թոմ Մուրը, որն այս շաբաթ կդառնա 100 տարեկան, եթե մենք կարողանանք ցույց տալ միասնության և վճռականության նույն ոգին, որը մենք բոլորս արդեն ցուցադրել ենք անցած վեց շաբաթներին, ապա ես կասկած չունեմ, որ մենք կհաղթենք», - ասել է նա:

Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան է։ Նա մասնակցել է երկրի առողջապահության ազգային ծառայության համար դրամահավաքի ակցիային։ Ակցիայով հետաքրքրվել են ԶԼՄ-ները, և Մուրը դարձել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդանիշը:

Ջոնսոնն ընդգծել է, որ կորոնավիրուսը մարտահրավեր է դարձել Մեծ Բրիտանիայի համար:

«Ճիշտ է, որ սա ամենամեծ մարտահրավերն է, որին երկիրը բախվել է պատերազմի ժամանակներից ի վեր։ Բայց նաև փաստ է այն, որ մենք առաջընթաց ենք արձանագրում»,-հավելել է նա՝ նշելով, որ նվազել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ծանրաբեռնվածությունը: