Քանի որ երեխայի տվյալները չեն հայտնաբերվել բնակչության պետական ռեգիստրում, քաղաքացին չի կարողանում օգտվել սահմանված աջակցությունից (տեսանյութ)

21:09 • 27.04.20

Երթուղային տաքսու վարորդ Կարեն Վարդազարյանը մարտի 10-ից գործազուրկ է, 20 տարվա աշխատանքից հետո իր խոսքով՝ անհիմն հեռացրել են: Աշխատելու տարիներին բազմաթիվ խնդիրների մասին է բաձրաձայնել:

«Ատամները սրած սպասում էին, երբ պիտի մի բան բռնեին, որ ազատեին, կուտակվել էր տարիներով, իրենց էլ պետք էր ինձնից պրծնել, որովհետև միշտ ես եմ խոսել, ես եմ կազմակերպել»,- ասաց Կարեն Վարդազարյանը:

Այս անգամ էլ ղեկավարին է տեղյակ պահել, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ուղևորահոսքը կտրուկ նվազել է, ինչի արդյունքում օրական մոտ 25 հազար դրամ պլանը վարորդները չեն կարող կատարել: 

«Ասացին տնօրենը կանչում է, գնացի,  ասաց մեքենան կանգնացրու դիմում գրի, դուրս արի, ես էլ ասացի չեմ գրի»,- ասաց նախկին վարորդը:

Դիմումը չի գրել ու վերադասից հեռացման թերթիկ է պահանջել: Սկզբում չեն տվել, այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին է հարցում արել, որից հետո իր տնօրենը պաշտոնապես աշխատանքից ազատել է: Կարենը փետրվարի 21-ից 23-ը տնօրենի թույլտվությամբ բացակայել է աշխատանքից, սակայն ազատման դիմումի հրամանը եղել է աշխատանքից բացակայելը:

«Դիմումի մեջ նշված էր, որ ազատում են փետրվարի 24-ին կազմված ակտի հիման վրա: Բանավոր հարցրել եմ, որ փետրվարի 21-ից 23-ը աշխատանքի չգալու թույտվություն եմ ստացել, բայց փետրվարի 24-ից մինչև մարտի 5-ը ես աշխատել եմ ինձ ոչ ոք, ոչ տեղեկացրել է, ոչ էլ ասել են, որ ազատված եմ»,- պատմեց Կարենը:

Երթուղայինի նախկին վարորդը պատրաստվում է դիմել դատարան, իր խախտված իրավունքը վերականգնելու համար: Աշխատել է 16 ժամ, սահմանված ընդմիջման ժամից էլ չի օգտվել:

 «Պարտադիր, հարկադրաբար աշխատացնում են 16 ժամ  ու աշխատանքի վայրից դուրս գալու ժամերը չեն ֆիքում, որ ցույց չտան, որ ժամին ենք դուրս գալիս աշխատանքի, որ ըստ հաշվարկի՝ քիչ լինի: Օրվա ավարտին էլ չեն ֆիքոսում դուրս գալդ: 2 ժամ հաշվում են ընդմիջում, բայց բոլոր վարորդներից էլ կարող եք հարցնել, ղեկին նստած հաց ենք ուտում»,- ասաց Կարենը

Կարենը 2 անչափահաս երեխա ունի՝ 1.5 և 12 տարեկան: Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից միայն մեկ երեխայի համար է կարողացել օգտվել: Մյուսի համար դիմել է՝ մերժել են:

«Դիմել եմ աջակցության համար, պատասխանը եկել է, նշված երեխայի համար աջակցությունը մերժվում է, Ձեր ներկայացրած տվյալներով երեխա չի հայտնաբերվել բնակչության պետական ռեգիստրում»,-ասաց Կարենը:

Կառավարության աջակցության 4-րդ կետով օգնություն է տրամադրվում  մարտի 12-ից հետո աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Կարենը գործազուրկ է մարտի 10-ից ի վեր, 2 օրվա տարբերությամբ, ինչի հետևանքով դուրս է մնացել այս ծրագրից: Օնլայն նամակ է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե, սակայն՝ ապարդյուն: