Սաուդյան Արաբիայում չեղարկել են մանկահասակ հանցագործների մահապատիժը
Սաուդյան Արաբիայում չեղարկել են մանկահասակ հանցագործների մահապատիժը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի համապատասխան հրամանագրի մասին հաղորդել է երկրի Մարդու իրավունքների հանձնաժողովը, գրում է The Guardian-ը։
Մահապատժի փոխարեն անչափահասները պատիժ կստանան 10 տարի առավելագույն ժամկետով ազատազրկման տեսքով, հայտնել է հանձնաժողովի ղեկավար Աուադ Ալաուադը:
Նրա խոսքով՝ այս որոշումն օգնում է թագավորությունում ձևավորել «ավելի ժամանակակից քրեական օրենսգիրք» և ցույց է տալիս նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդու իրավունքների ոլորտում հիմնարար բարեփոխումներ իրականացնելու երկրի ցանկությունը։
Ալաուադը նաև խոստացել է, որ անչափահասների համար մահապատժի վերացմանը կհետևեն նաև այլ բարեփոխումներ:
Սաուդյան Արաբիայում անչափահասների մահապատժը բազմիցս արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատություններին։
Ապրիլի 21-ին Amnesty International-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2019 թվականին Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 184 մարդ, ինչն այդ երկրի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։










