Հնդկաստանի գյուղերից մեկում 10 000 անձրևանոց է բաժանվել բնակիչներին՝ սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգի գյուղերից մեկում 10 000 անձրևանոցներ են բաժանել բնակիչներին, որպեսզի օգնեն նրանց սոցիալական հեռավորություն պահպանելու հարցում:
«Հուսով ենք, որ «Քովիդ-19»-ի ամպերը շուտով կցրվեն, սակայն ամռան ընթացքում և առաջիկա օրերին սպասվող անձրևների ժամանակատավածում եկեք պահպանենք սոցիալական հեռավորությունը՝ պարզապես բացելով անձրևանոցները»,-CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Թաններմուկկոմ գյուղի խորհրդի նախագահը:
Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ մարդիկ միմյանց կողքին կանգնեն բաց անձրևանոցներով՝ պահպանելու համար առնվազն մեկ մետր անհրաժեշտ հեռավորությունը: Անձրևանոցների հետ մեկտեղ բնակիչներին երկուական դիմակ կբաժանվի:
Նշվում է, որ տեղի կանայք 100 000 դիմակ կպատրաստեն նահանգի ղեկավարության նախաձեռնության շրջանակներում:
Կերալան Հնդկաստանի առաջին նահանգն է, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել: Ներկա պահին Կերալայում վարակման 458 դեպք է արձանագրվել, որոնցից 4-ը՝ մահվան ելքով: Հնդկաստանում վարակվել է 27 892 մարդ, մահացել՝ 872-ը:










